Մինչ երկրի նախագահը, վարչապետը, գյուղատնտեսության նախարարն ու տարբեր պաշտոնյաներ խոսում են այն մասին, որ գյուղատնտեսությանը պետք է օգնել, ու դրա համար մշակվում են տարաբնույթ ծրագրեր, Ազգային Ժողովը կառավարության ներկայացմամբ ընդունում է օրենքներ, որոնք ուղղակի «վնասարար են» գյուղատնտեսության համար. եւ ոչ միայն` գյուղատնտեսության։

Խոսքը դիզվառելիքի հարկման ռեժիմի փոփոխության մասին է, որ կատարվեց աշնանը, ու ուժի մեջ մտավ 2011 թ. հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ դիզվառելիքը գյուղատնտեսական, շինարարական ու հանքարդյունաբերական կազմակերպությունների համար ինքնարժեքի կարեւոր տարրերից մեկն է։ 

Մի քանի օրենքներում կատարվեցին փոփոխություններ, որոնց արդյունքում դիզվառելիք մատակարարող ընկերությունները հրաժարվում են հաշիվ-ապրանքագրերում առանձնացնել ավելացված արժեքի հարկը։ Իսկ դա իր հերթին բացասաբար է անդրադառնում դիզվառելիք օգտագործողների գործունեության վրա, քանի որ նրանք զրկվում են ԱԱՀ-ը հաշվանցելու (պակասեցնելու) հնարավորությունից։ Տնտեսվարողներից ստացված տեղեկատվության համաձայն՝ իրենք դիզվառելիքի գնի 30 տոկոսի չափով վնաս են կրում։

Ի՞նչ օրենսդրական փոփոխությունների մասին է խոսքը։ Նախ՝ 2010 թ. նոյեմբերին Ազգային Ժողովը չեղյալ հայտարարեց  «Բենզինի եւ դիզելային վառելիքի հաստատագրված վճարների մասին» օրենքը, որը, ըստ երեւույթին՝ Եվրամիության հետ հարեւանության ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարում էր։ Միջազգային կառույցները վաղուց է, ինչ Հայաստանից պահանջում են հարկման միասնական ռեժիմ սահմանել բոլոր ապրանքատեսակների համար՝ հրաժարվելով, այդպիսով, հաստատագրված հարկերի գաղափարից։

Նշենք, որ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ taxservice.am, ապրիլի 29-ի դրությամբ «հարկային օրենսդրություն» բաժնում դեռեւս տեղակայված է ՀՀ օրենքը «Բենզինի եւ դիզելային վառելիքի հաստատագրված վճարների մասին», որն արդեն չի գործում 5 ամիս։ Սա, ի դեպ, հարկային դաշտում խառնաշփոթ ստեղծող միջոցներից է:

Բացի այդ՝ դիզվառելիքի եւ բենզինի հարկման ոլորտում կատարվել են նաեւ այլ օրենսդրական փոփոխություններ, որոնց մասին ոչ բոլոր գործարարներն են տեղյակ՝ հարկերի մասին հանրային իրազեկումն ակնհայտորեն բարձր մակարդակի վրա չէ։

Այսպես՝ ավելացված արժեքի հարկի մասին օրենքում կատարվել է փոփոխություն, որով դիզվառելիքի ներմուծումն ու իրացումը 2011 թ. հունվարի 1-ից ազատվել է ավելացված արժեքի հարկից։ Հենց այդ պատճառով էլ ներմուծողները հարկի գումարը հաշիվ-ապրանքագրերի վրա չեն առանձնացնում, ինչպես դա արվում էր նախկինում։

Սակայն պետք չէ շտապել գովելու հայրենի կառավարությանն ու օրենսդիրին։ Մեկ այլ օրենքում կատարված փոփոխությամբ՝ բենզինն ու դիզվառելիքը պետք է հարկվեն ակցիզով։ Ընդ որում՝ դիզվառելիքի ակցիզն ավելի մեծ է, քան բենզինի ակցիզը։ Դիզվառելիքի ակցիզը սահմանվել է մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 32,5 հազ. դրամից 1 տոննայի դիմաց։ Հիշեցնենք, որ նախկին հաստատագրված վճարը նույնպես կազմում էր 32,5 հազ. դրամ, բայց այն իր մեջ ներառում էր նաեւ ավելացված արժեքի հարկը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթամթերքը աշխարհում թանկանում է, դժվար չէ հաշվել, որ իրականում դիզվառելիքի համար ավելի մեծ հարկ է տրվում, քան նախկինում։

Ի՞նչ է ստացվում՝ մի ձեռքով կառավարությունն ազատել է դիզվառելիքը ավելացված արժեքի հարկից, մյուս ձեռքով՝ շատ ավելի բարձր հարկ է սահմանել ակցիզի տեսքով։

Սա դիզվառելիքի գների աճի պատճառներից մեկն է մեր ներքին շուկայում, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ ներմուծողները ավելացված հարկը իրենց գրպանից չեն վճարի։ Ընդ որում՝ այդ աճը տեղի է ունենում հենց գյուղատնտեսական սեզոնի սկզբում։

Նշենք, որ դիզվառելիք օգտագործողները չեն կարողանում ակցիզի գումարների հաշվանցում անել, ակցիզը առանձին տողով հաշիվ-ապրանքագրերի վրա ցույց չի տրվում։ Այսինքն՝ նրանք դիզվառելիք գնում են նախկին գներով, սակայն վնաս են կրում հաշվանցումից զրկված լինելու պատճառով։ Սա կարելի է համարել հայրենի կառավարության նվերը հայ գյուղացիներին ու շինարարներին։

 

Սամվել Ավագյան