Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է, որ հասարակական վայրերի չափազանց հապճեպ բացումը «գրեթե երաշխավորում է» կորոնավիրուսի բռնկման շարունակությունը, հայտնում է CNBC-ն:

«Չնայած ներկայիս սահմանափակումների հետեւանքով առաջացած հսկայական սոցիալական վնասներին, ես անհանգստացած եմ, որ որոշ տեղերի շատ հապճեպ բացումը` նախքան ցուցանիշների` նվազագույնի իջեցնելը, գրեթե երաշխավորում է ապագա բռնկումները եւ կվատթարացնի երկարաժամկետ բժշկական եւ տնտեսական արդյունքները»,- հայտարարել է նա:

«Կորոնավիրուսի ազդեցությունը մեր բիզնեսի վրա նշանակալի էր, եւ ես դեռ շատ մտահոգված եմ, որ առողջապահական ոլորտի այս արտակարգ իրավիճակը, հետեւաբար եւ տնտեսական հետեւանքներն ավելի երկար կտեւեն, քան մարդիկ ակնկալում են»,- հավելել է Ցուկերբերգը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները եւ Սպիտակ տունը ուղեցույց են մշակել, որոնց պետք է հետեւեն պետական պաշտոնյաները ձեռնարկությունների վերաբացման մասին որոշում կայացնելիս, սակայն հայտարարել են, որ որոշումն, ի վերջո, կայացնում են նահանգները: Մի շարք նահանգներ թուլացրել են սոցիալական հեռավորության սահմանափակումները, ընդ որում, նրանցից որոշնորը թույլ են տվել վերաբացել մարզադահլիճները, ռեստորանները եւ խանութները:

Հոփկինսի համալսարանի տվյալեներով` չորեքշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք եւ մահվան առնվազն 58 968 դեպք: