Հնդկաստանում մեխանիկը վարորդի եւ ուղեւորի միջեւ մեկ մետր հեռավորությամբ մոտոցիկլետ է ստեղծել` կորոնավիրուսի համավարակի ժամանակ սոցիալական հեռավորության պահպանման կարեւորությունն ընդգծելու համար:
Պարթհա Սահան հին մոտոցիկլ էր գնել, հանել էր շարժիչը եւ երկու մասի էր բաժանելայն, իսկ ապա միացրել էր անիվները մեկ մետր հեռավորությամբ:
«Այժմ ես կարող եմ երթեւեկել իմ ութամյա դստեր հետ` ապահով հեռավորություն պահպանելով»,- ասել է նա AFP-ին:
Հնդկաստանի կառավարությունը, ինչպես եւ մյուս երկրները, համազգային կարանտին է հայտարարել եւ քաղաքացիներին կոչ է արել սոցիալական հեռավորություն պահպանել` վիրուսի տարածումը զսպելու համար: Հինգշաբթի օրվա դրությամբ Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 33 050 դեպք, մահացել է 1.074 մարդ:
Սահան հասկացել էր, որ վիրուսի հետ պայքարը շուտ չի ավարտվելու: Նա ծախսել է իր փոքր խնայողությունները մոտոցիկլետ պատրաստելու համար, որով իր դստերը դպրոց կտանի: «Ես չէի ուզում, որպեսզի նա դպրոցական ավտոբուս նստի, քանի որ այնտեղ մարդաշատ կլիներ»,- ասել է Սահան, ով աշխատում է հեռուստացույցների վերանորոգման արհեստանոցում: Նրա նոր մոտոցիկլետն աշխատում է մարտկոցով, իսկ առավելագույն արագությունը 40 կմ է մեկ ժամում: Սահայի խոսքով` մարտկոցի լիցքավորման համար երեք ժամ է պահանջվում, ինչը թույլ է տալիս 80 կմ անցնել: «Մեկ լիցքի արժեքը մոտ 10 ռուփի է (13 ցենտ) կազմում»,- հավելել է նա:





























