Իսպանացի պաշտոնյան ներողություն է խնդրել լողափերը սպիտակեցնող նյութի լուծույթով մշակելու իր հրահանգի համար մեկ օր առաջ այն բանից, երբ երեխաներին թույլ են տվել վեց շաբաթվա ընթացքում առաջին անգամ զբոսնել լողափին՝ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու միջոցառումների շրջանակներում։
Անդալուզիայի շրջանում Զախարա դե լոս Ատունես գյուղում տրակտորներ են օգտագործվել լողափին սպիտակեցնող նյութի լուծույթ ցողելու համար, հայտնում է BBC-ն։
Անցած հանգստյան օրերին մինչեւ 14 տարեկան երեխաներին թույլ են տվել մեկ ժամով փողոց դուրս գալ։
Տեղացի պաշտոնյա Ագուստին Կոնեխոն ասել է, որ սպիտակեցնող նյութ ցողելու իր հրահանգը «ճիշտ քայլ չէր» եւ երեխաներին վարակից պաշտպանելու սխալ փորձ էր։
«Ես խոստովանում եմ, որ դա սխալ էր,- հայտարարել է նա իսպանական Canal Sur հեռուստաընկերությանը,- սակայն դա արվել է լավագույն նպատակներով»։
Շրջակա միջավայրի պաշտպանները հաստատել են, որ սպիտակեցնող նյութը «լուրջ վնաս» կարող է հասցնել տեղի էկոհամակարգին։





























