Բուենոս Այրեսը սուլոցներով եւ աղմուկով է լցվել. մարդիկ խփում են կաթսաներին` դեմ արտահայտվելով կորոնավիրուսի պատճառով բանտարկյալների ազատ արձակմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայումս Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ որոշում են կայացրել տեղափոխել տնային կալանքի տակ կամ ազատ արձակել մի շարք բանտարկյալների: Խոսքը առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածների մասին չէ: Միեւնույն ժամանակ, շատ բանտերում (Պերու, Չիլի, Արգենտինա, Կոլումբիա) կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել, մի շարք պաշտոնյաներ մտավախություն են հայտնել, որ հանցագործների ազատ արձակումը կարող է վարակման նոր դեպքերի հանգեցնել:
Արգենտինայում եւս քննարկվում է բանտարկյալների համար խափանման միջոցները մեղմելու հարցը, սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, այս հարցը քննարկվում է դատական իշխանությունների կողմից:
Չորեքշաբթի եւ հինգշաբթի օրը Արգենտինայի սոցիալական ցանցերում կոչ էր արվել դեմ հանդես գալ բանտարկյալների ազատ արձակման մասին հնարավոր որոշմանը:
Բողոքի ցույցերը սկսվել էին նախօրեին, սակայն այսօր դրանք հատկապես աղմկոտ էին: Բուենոս Այրեսում մարդիկ, որոնք կարանտինում են գտնվում եւ չեն կարող փողոցով քայլել, դուրս են եկել տների պատշգամբներ` բղավելով եւ խփելով կաթսաներին եւ թավաներին` խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Աղմուկ էր բարձրացել նույնիսկ Պուերտո Մադերո հեղինակավոր թաղամասում, որը սովորաբար հանգիստ է արձագանքում ցանկացած սոցիալական բողոքի: Ըստ TN-ի` ակցիան անցկացվել է ամբողջ երկրով:
Գրեթե մեկ շաբաթ առաջ Բուենոս Այրեսի բանտերից մեկում բանտարկյալները բունտ էին բարձրացրել. մի քանի տասնյակ կալանավոր բարձրացել էր տանիքի վրա: Նրանք պահանջում էին իրենց ազատ արձակել կամ տնային կալանքի տակ պահել` կորոնավիրուսով չվարակվելու համար:





























