Կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետական սահմանափակող միջոցներն ազդեցություն են ունեցել թմրանյութերի անօրինական վաճառքի վրա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի վարչության զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զեկույցի համաձայն՝ ավիահաղորդակցության սահմանափակումներն անդրադարձել են մետամֆետամինի առեւտրի վրա, որի մատակարարման համար հաճախ օգտագործում են օդային տրանսպորտը: Նարկոբիզնեսով զբաղվողները նաեւ սկսել են այլընտրանքներ  փնտրել. ցամաքի փոխարեն՝ ծովային ճանապարհով:

ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի վարչության տվյալերով՝ թմրանյութերի պակասի պատճառով կարող է նվազել նաեւ ռեկրեացիոն նպատակներով դրանց օգտագործումԸ: Բացի այդ, պակասը կարող է հանգեցնել ներքին շուկայում արտադրված վնասակար նյութերի օգտագործմանը: Օրինակ՝ Կոլումբիայում կոկաինի արտադրությունը դժվարացել է բենզինի պակասի պատճառով, Բոլիվիայում պանդեմիան սահմանափակել է կոկաինի թփեր աճեցնելը, իսկ Պերուում կոկաինի գների անկումը, հակառակը, ցույց է տալիս նարկոտրաֆիկի կրճատումը: