ԵՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտի իրավասու մարմինները մայիսի 12-ին տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստում քննարկել են Միության երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:
Նիստն ընթացել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի նախագահությամբ: Քննարկմանը հրավիրել էին նաեւ Ուզբեկստանի ներկայացուցիչներին:
«Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վերահսկման հակահամաճարակաբանական միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների ընթացիկ ռեժիմներից դուրս գալու գործողությունները քննարկել ենք ԵՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտի իրավասու մարմիններ ղեկավարների խորհրդի հերթական նիստում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Խորհրդի անդամները քննարկել են Միության երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը: Նիստի ժամանակ շեշտվել է, որ Ռուսաստանում եւ մյուս երկրներում հայտնաբերվում են կորոնավիրուսով հիվանդության առանց ախտանիշների ընթացքով մեծաթիվ դեպքեր: «Այս փաստը վկայում է Միության երկրների սանիտարա-համաճարակաբանական ծառայությունների լավ աշխատանքի եւ COVID-19-ի թեստավորմանը բնակչության ընդգրկվածության մեծացման մասին»,- հավելվում է հաղորդագրության մեջ:
«Ռոսպոտրեբնադզորը» միջոցառման մասնակիցներին հայտնել է ՌԴ նախագահի եւ կառավարության հանձնարարությամբ մշակված հանձնարարականների եւ կորոնավիրուսի ցուցանիշների ֆոնին սահմանափակումները հանելու համար առանցքային միջոցառումների մասին: ԵՏՄ երկրներն ու Ուզբեկստանն իրենց հերթին ներկայացրել են սահմանափակումները հանելու իրենց չափանիշները: Ընդհանուր առմամբ, երկրների մոտեցումները միավորում է փուլայնությունը, իրավիճակի տարբերակումը եւ պարբերական գնահատումը:
Նիստի ժամանակ Խորհուրդը քննարկել է նաեւ ԵՏՄ տարածքում կորոնավիրուսի եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխման համալիր ծրագրի ընդունմանը նախապատրաստումը: «Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման համար բնակչության թեստավորման անընդհատ գործընթացի ապահովման նպատակով որոշ երկրներ դիմել են ռուսական կողմին COVID-19 թեստ-համակարգերի եւ ռեագենտների տրամադրման հարցում լրացուցիչ աջակցություն ցույց տալու համար»,- հավելվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:




























