Մարտի 13-ին Էստոնիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված արտակարգ դրությունը երկուշաբթի չեղյալ է հայտարարվում: Կառավարությունը համապատասխան որոշումը կայացրել է շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարների կաբինետի ընդունած որոշման համաձայն՝ մայիսի 18-ից երկրի բոլոր մարզական թիմերին թույլատրվում է մարզվել դրսում, վերսկսվում են մարզումները մարզական ակումբների տարածքում, մարզադահլիճներում եւ լողավազաններում: Հունիսի 1-ից Էստոնիայում կթույլատրվի զվարճանքի ծառայություններ մատուցել առեւտրի կենտրոններում, կբացվեն խաղահրապարակները, խաղասենյակները, բիլիարդը, բոուլինգը եւ այլն: Բացման կետերը: Ծառայություններ մատուցողները պետք է հետեւեն ախտահանման պահանջներին եւ երաշխավորեն, որ տարածքները 50 տոկոսից ավել չեն լցվի:
Հունիսի 1-ից կփույլատրվեն նաեւ հավաքները փակ տարածքներում, եթե դրանց մասնակցում է ոչ ավել, քան 50 մարդ, իսկ դրսում՝ մինչեւ 100 մարդ: Հունիսի 12-ից Էստոնիան կթույլատրի մանկական ճամբարների աշխատանքը մինչեւ 300 հոգի, ընդ որում, միջոցառումները պետք է անցկացվեն մինչեւ 20 հոգանոց խմբերում:
Հուլիսի 1-ից հանրապետությունում կվերսկսվեն կինոցուցադրությունները, ներկայացումները, համերգները, գիտաժողովները, հանրային հանդիպումները եւ այլ հասարակական միջոցառումները, այդ թվում՝ տոնավաճառները: Կազմակերպիչը պարտավոր կլինի ապահովել, որպեսզի մասնակիցները հետեւեն սոցիալական հեռավորության կանոններին, ընդ որում, փակ տարածքում նման միջոցառմանը կարող է մասնակցել մինչեւ 500 (օգտագործելով դահլիճի տարածքի կեսից ոչ ավելին), իսկ դրսում՝ մինչեւ հազար մարդ:
Մայիսի 10-ից Էստոնիայում թույլատրվել է ժամերգություններ եւ կրոնական արարողություններ անցկացնել, իսկ մայիսի 11-ին բացվել են առեւտրի կենտրոնները (բացառությամբ ժամանցի անցկացման վայրերի, այդ թվում՝ կինոթատրոնների, բոուլինգի, խաղատների եւ մանկական խաղասենյակների), թանգարաններն ու ցուցասրահները: Մայիսի 15-ից բալթյան երկրները ԵՄ-ում առաջինը վերսկսեցին առանց վիզայի ուղեւորություններն իրենց բնակչության համար, որոնք ընդհատվել էին մարտի 17-ին կորոնավիրուսի տարածման պատճառով:
Չնայած արտակարգ դրության վերացմանը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքով պայմանավորված որոշ սահմանափակումներ շարունակում են գործել: Մասնավորապես, ալկոհոլի վաճառքը երեկոյան 22:00-ից մինչեւ առավոտյան 10-ը սահմանափակ կլինի վաճառքի բոլոր կետերում, այդ թվում՝ ռեստորաններում եւ բարերում: Կարանտինի բոլոր կանոնները պետք է պահպանվեն COVID-19 ունեցող հիվանդները եւ նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք:
Ուժի մեջ է մնում նաեւ սոցիալական հեռավորության 2+2 կանոնը, որը գործում է փողոցում եւ փակ տարածքներում: Հանրային սննդի հաստատությունները մինչեւ հուլիսի 1-ը 22:00-ից հետո պետք է փակ մնան: Շարունակում են փակ մնալ այնպիցի ժամանցային հաստատությունները, ինչպիսիք են գիշերային ակումբները, խաղատները, խաղային ապարատների սրահները, մեծերի համար հաստատությունները:
Բացի այդ, մայիսի 18-ից Էստոնիայի կառավարությունն արգելել էր թռիչքները դեպի կորոնավիրուսային վարակի բարձր ռիսկայնությամբ երկրներ, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Թուրքիա եւ Շվեդիա: Մայիսի 24-ից արգելվել են Էստոնիայից դեպի Բելառուս չվերթները: Այս սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչեւ հունիսի 7-ը, որից հետո կամ կերկարաձգվեն, կամ կչեղարկվեն:
Էստոնիայի սոցիալական հարցերի նախարար Թանել Քիյակը մարտի 15-ին հայտարարել էր, որ հանրապետությունը հաղթահարել է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամը: Էստոնիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.774-ի, մահացել է 63 մարդ:




























