Երկուշաբթի իսպանացիների մոտ 70 տոկոսը կտեղափոխվի կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված սահմանափակումների մեղմացման նոր փուլում: Թագավորության իշխանություններն ի սկզբանե նախազգուշացնում էին, որ մեղմացման միջոցառումները կարող են տարբեր տեմպերով ընթանալ՝ կախված իրավիճակից այս կամ նահանգում: Կառավարությունը համարել է, որ Մադրիդը, Բարսելոնան եւ Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար համայնքի մի մասը դեռ պատրաստ չեն ամբողջովին անցնել առաջին փուլ, ուստի պաշտոնապես դրանք մնում են, այսպես կոչված, զրոյական փուլում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջին փուլում Իսպանիայի բնակիչներին թույլատրվում է հանդիպել ընկերների եւ հարազատների հետ, ովքեր ապրում են նույն նահանգում: Ընդ որում, չի կարելի հավաքվել ավելի քան 10 հոգանոց խմբերով: Փողոցում զբոսնել եւ սպորտով զբաղվել նախկինի պես պետք է այն ժամանակահատվածներում, որոնք նախատեսված էին մարդկանց տարբեր խմբերի համար: Դեռ արգելվում է այցելել ծերերին, ովքեր գտնվում են ծերանոցներում: Բացի այդ, իսպանացիներին դեռ չի թույլատրվում դուրս գալ մարզերից, որտեղ նրանք ապրում են:
Բարերը, սրճարանները եւ ռեստորանները կարող են բացել տեռասները, միեւնույն ժամանակ կարող է զբաղեցվել սեղանների հիսուն տոկոսից ոչ ավելին, որոնք պետք է ախտահանվեն յուրաքանչյուր հաճախորդից հետո: Հաճախորդների համար բաց կլինեն նաեւ մինչեւ 400 քմ մակերեսով խանութները, սակայն՝ անձանց միաժամանակ այցելության սահմանափակումներով:
Մասամբ իրենց գործունեությունը կարող են վերսկսել նաեւ մարզադահլիճները, թանգարանները, թատրոնները, եկեղեցիները: Հյուրանոցները եւս կվերաբացվեն, սակայն՝ առանց ընդհանուր տարածքների եւ ճաշասրահների: Դեռ անհրաժեշտ է պարտադիր կարգով դիմակներ կրել հասարակական տրանսպորտում եւ հեռավորություն պահպանել:
Չնայած նրան, որ Մադրիդը, Բարսելոնան եւ Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար համայնքի մի մասը դեռ չեն տեղափոխվել մեղմացման միջոցառումների առաջին փուլ, իսպանական իշխանությունները համաձայնել են արդեն հիմա մասամբ մեղմացնել սահմանափակումները նաեւ այս տարածքներում: Այդպես, մայիսի 18-ից կարող են բացվել մինչեւ 400 քմ մակերեսով մանրածախ առեւտրի կետեր, կրոնական կենտրոնները եւ թանգարանները, ընդ որում, դրանք կարող են լցվել միայն մեկ երրորդով: Կթույլատրվի նաեւ գրքեր վերցնել գրադարաններից: Սրճարանների եւ ռեստորանների տեռասները առայժմ փակ կմնան, ընկերների եւ հարազատների հետ հանդիպումները եւս արգելված են:




























