Բրիտանական թագավորական ընտանիքի բյուջեն կարող է կրճատվել 17.8 միլիոն ֆունտով (21.7 միլիոն դոլար) կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Sun-ը:

Պարբերականը հատվածներ է հրապարակել թագավորական պալատի լորդ չեմբերլեն Ուիլյամ Փիլի նամակից, որում նա դիմել է արքայական տան ծառայողներին՝ նախազգուշացնելով նրանց, որ այս տարի նրանց եկամուտները կկրճատվեն մեկ երրորդով: Այս կապակցությամբ խնայման միջոցառումներ են նախաձեռնվել, այդ թվում դադարեցվել է անձնակազմի համալրումը, նախատեսվում է նաեւ կրճատել աշխատատեղերը:

Անցյալ տարի բրիտանական թագավորական ընտանիքը տոմսերի եւ հուշանվերների վաճառքից ավելի քան 70 միլիոն ֆունտ (85.4 միլիոն դոլար) էր վաստակել: Զբոսաշրջիկների շրջանում հատկապես պահանջարկ ունեն բրիտանական միապետների նստավայրերը, ինչպիսիք են Բուքինգհեմյան պալատը եւ Վինձորի ամրոցը, որոնք տարեկան համապատասխանաբար 12 եւ 25 միլիոն ֆունտ ստերլինգ (14.6 եւ 30.5 միլիոն դոլար) են բերում: