Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ՝ բողոքելով աղքատության դեմ, որում հայտնվել են կարանտինային միջոցառումների պատճառով, եւ սովի դեմ: Չիլիի մայրաքաղաքի մի քանի փողոցներում բարիկադներ են կառուցվել, ցուցարարները նաեւ ավտոբուս են այրել քաղաքի կենտրոնում: Արդյունքում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանների հետ բախումների: Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել է անգամ ջրի թնդանոթ, բայց դրանիրց հետո բողոքողներն վերստին արագ հավաքվել են արդեն քաղաքի ուրիշ հատվածում, փոխանցում է RG-ն:

Ինչպես ընդգծել են ցուցարարները, իրենք փողոցներ են դուրս եկել ոչ թե կարանտինի դեմ, այլ սովի դեմ, որին բախվել են կառավարության ընդունած սահմանափակումների պատճառով:

Չիլիի մայրաքաղաքում ամբողջական կարանտին էր մտցվել անցած ուրբաթ՝ վարակվածների թվի կտրուկ աճից հետո (մեկ օրում ավելի քան 2 հազար նոր դեպք): Վերջին տեղեկություններով՝ երկրում գրանցվել է վարակման ավելի քան 46 հազար դեպք, մահացել է 478 մարդ:

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան պարզաբանել է, որ իշխանությունները նախատեսել են քաղաքացիներին բաժանել սննդամթերքով, լվացող միջոցներով եւ հիգիենայի միջոցներով 2,5 մլն լրակազմ: Դա կստանան առավել կարիքավորները: Նրա խոսքով՝ կընդգրկվի ընտանիքների 70 տոկոսը: Մթերքի բաժանումը սկսվելու է այս կամ հաջորդ շաբաթ, հավաստիացրել է նա՝ հավելելով, որ զամբյուղների հավաքումը կտեւի որոշ ժամանակ:

Սակայն ոչ բոլորն են համաձայնվել սպասել: Նրանք փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով անհապաղ օգնություն: