Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Նախիջեւանում հայտարարել է, որ եթե հայկական Սփյուռքը մտածում է Հայաստանի ապագայի մասին` պետք է աջակցի Կովկասում խաղաղության հաստատման եւ համագործակցության աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը:
Նախիջեւանում կազմակերպված թյուրքալեզու հանրապետությունների 9-րդ համաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին: Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Հայկական Սփյուռքը լինելով հեռվում` չպետք է խոչընդոտի տարածաշրջանի խնդիրների կարգավորմանը: Ես տեսնում եմ, որ որոշ երկրներում իրենց ինքնությունը պահպանելու համար են նման քաղաքականություն վարում: Դա ճիշտ չէ: Կովկասում խաղաղության եւ նոր համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին հայկական Սփյուռքն էլ պետք է աջակցի` եթե նրանք մտածում են Հայաստանի ապագայի մասին», ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Նա նաեւ նշել է, որ նախկինում բոլորն էլ տառապանքներ կրել են, այդ թվում՝ թուրքերը:
Գյուլը հիշեցրել է, որ մոտ 3 միլիոն բալկանյան թուրք է լքել իր բնակավայրը: Թուրքիայի նախագահը անդրադարձել է ղարաբաղյան խնդրին եւ նշել, որ «բռնազավթումը» պետք է ավարտվի:



























