Ծանրամարտի չեմպիոններ Նազիկ Ավդալյանի եւ Յուրի Վարդանյանի առողջական վիճակը բավարար է: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է  Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Տեղեկացնելով, որ այցելել է մարզիկներին` նախարարը հույս է հայտնել, որ նրանք շուտով կառողջանան: Նրա խոսքով, Նազիկ Ավդալյանը լուրջ վերականգնողական կուրս պիտի անցնի, որից հետո պարզ կլինի` կարո՞ղ է վերադառնալ մեծ սպրոտ, թե` ոչ: Քուշկյանն ասել է, թե արտերկրում վիրահատության կարիք չկա:

Աշխարհի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը տուժել էր ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում: Նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ վիրահատել` ողնաշարի ֆիքսացիա կատարելով:

Lեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք: Իսկ մի քանի շաբաթ առաջ նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: Վիրահատության ժամանակ խնդիրներ էին առաջացել սրտի անբավարարության պատճառով: Ներկայումս երկրորդ վիրահատությունն է արվել: