Հայ-թուրքական արձանագրությունները հակասում են միջազգային օրենքին։ Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նա համոզված է, որ նախաստորագրված արձանագրություններով Թուրքիան փորձում են վերափոխել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով արդեն սահմանվել են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները։
Փորձագետը հակասություն է տեսնում արձանագրությունների եւ Հայաստանի սահմանադրության միջեւ, հատկապես այն կետին, որով ՀՀ պետք է սատար կանգնի Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման գործընթացին։
Ըստ Արա Պապյանի՝ արձանագրության մեջ պարտավորություն կա, որ կողմերը չպետք է իրականացնեն բարիդրացիական հարաբերություններին անհարիր քաղաքականություն։ Այսինքն, փորձագետի մեկնաբանությամբ, Հայաստանի ցանկացած քաղաքական քայլը՝ ուղղված ցեղասպանության ճանաչմանը կամ ոգեկոչմանը, եւ նույնիսկ նախագահի ապրիլի 24-ի ուղերձը կարող է հակասության մեջ մտնել արձանագրության հետ։
Փորձագետը նաեւ նշեց, որ արձանագրությունները ենթակա չեն ստորագրման, քանի որ չեն պահպանվել օրենքով նախատեսված պայմանները եւ ընթացակարգերը։ Ավելին, նախաստորագրումն արդեն իսկ անվավեր է եղել։ «Արձանագրությունների ստորագրումը կլինի օրենքի խախտում»,-հավելեց նա։




























