Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ հունիսի 12-ին, անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստը հետաձգվեց՝ գործով վկաների բացակայության պատճառով։

NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժողի իրավահաջորդներից Սարիկ Ասլանյանն ասաց, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի արած հայտարարությունն իրավահաջորդներին վրդովվել է. «Սաֆարյանը հայտարարել է, թե մահացածների հարազատները, երբ հարգեն իրենց մահացածներին, այն ժամանակ նոր ես կհարգեմ։ Մենք բոլորս պահանջում ենք, որ Սաֆարյանը բացատրություն տա իր արած արտահայտության համար։ Մենք բոլորս ամեն անգամ գալով դատական նիստերին ամեն անգամ հիշում ու մեծ ցավ ենք ապրում այդ ամենը հիշելուց։ Անտանելի բարկացնող է, երբ կողքից էլ այսպիսի հայտարարություններ են արվում»։

Նշենք, որ այս դատական նիստին պետք է շարունակվեր գործով վկաների հարցաքննությունը։

Նշենք, որ ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։