Գերմանացիները, որոնք մնացել էին արտերկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով եւ տարհանվել հայրենիք Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, առաջիկայում կստանան մատուցված ծառայության դիմաց հաշիվներ, հաղորդում է DW-ը։

«Առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում այդ ծրագրի մասնակիցներն անհատապես կտեղեկացվեն ծախսերի իրենց մասնաբաժնի մասին»,-հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը։

Մարտի 17-ին Գերմանիայի ԱԳ նախարարությունը մեկնարկել էր կորոնավիրուսի պատճառով գերմանացի զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու աննախադեպ զանգվածային ակցիան։ Հինգ շաբաթվա ընթացքում Գերմանիա է տեղափոխվել 240 հազար մարդ, այդ թվում՝ 66 հազարը Գերմանիայի ԱԳՆ-ի վարձակալած ինքնաթիռներով։ Այդպիսի վերջին ինքնաթիռն ապրիլի 24-ին տեղափոխել էր 157 գերմանացու հարավաֆրիկյան Քեյփթաունից։ Այնուհետեւ արտերկրից մարդիկ վերադառնում էին փոքր խմբերով։

Գերմանիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ հյուպատոսական ծառայությունների մասին օրենքի հիման վրա տարհանումից օգտված մարդիկ պետք է մասնակցեն դրա ֆինանսավորման մեջ։