Վետերան Արմենակ Այվազյանի համար Հաղթանակի օրն ամենաթանկ տոնն է: Վետերանն այն դիմավորում է տոնական համազգեստով, հիշում ծառայակիցներին եւ պատերազմը։ Վետերանը NEWS.am-ի թղթակցին պատմեց իր անցած մարտական ճանապարհի մասին։

«Ծնվել եմ Ախալցխայում։ 10-րդ դասարանցի էի, երբ պատերազմն սկսվեց։ Դպրոցն ավարտելուց հետո կամավոր դարձա։ Առաջին օրերին պատերազմում շատ սարսափելի էր։ Մի անգամ, երբ լողում էինք Վոլգայով, ասացին, ականապատ տարածք է, նավը կարող է պայթել»,- վերհիշեց նա։

Արմենակ Այվազյանը հաղթանակը դիմավորել է հենց Բեռլինում։

Պատերազմից հետո հանդիպել է իր կյանքի ընկերուհուն, ում հետ առ այսօր ապրում է սիրո եւ համերաշխության մեջ։ Տասնյակ տարիներ Ախլցխայում աշխատել է որպես լուսանկարիչ, Երեւան տեղփոխվելուց հետո՝ լամպերի գործարանում։

Վետերանն այսօր էլ չի փոխել իր քաղաքական դիրքորոշումը։ Նա հիմա էլ Կոմունիստական կուսակցության անդամ է։ Դժգոհ է պետության կողմից պատերազմի վետարանների հանդեպ հատկացվող ուշադրության պակասից։ Սակայն չի կորցնում ոգու կորովը։