Ուկրաինայի նախարարների կաբինետը չեղարկել է օտարերկրացիների՝ Ուկրաինա մուտքի արգելքը, մեղմացրել է դիտազննման կանոնները ժամանող մարդկանց համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը եւ Պետական ​​սահմանային ծառայությունը, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

Օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք կկարողանան հատել պետական ​​սահմանն Ուկրաինայի կառավարության հունիսի 12-ի թիվ 477 եւ թիվ 480 որոշումների՝ ուժի մեջ մտնելուն պես՝ «Սահմանների վերահսկման մասին» օրենքով սահմանված մուտքի օրինական հիմքերի առկայության եւ սանիտարահիգիենիկ եւ համաճարակաբանական պահանջներին համապատասխանելու դեպքում:

Հունիսի 12-ի թիվ 480 որոշմամբ սահմանվում է, որ օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (բացառությամբ Ուկրաինայում մշտապես բնակվող կամ փախստական ​​ճանաչված անձինք կամ նրանք, ովքեր ունեն լրացուցիչ պաշտպանության կարիք) չեն կարող հատել պետական ​​սահմանը՝ չունենալով կորոնավիրուսի բուժման եւ դիտազննման հետ կապված ապահովագրական վկայականներ:

Միեւնույն ժամանակ, պարտադիր դիտազննում պետք է անցնեն միայն այն անձինք, ովքեր ժամանում են կամ COVID-19- ի լայն տարածում ունեցող երկրների քաղաքացի են:

Ընդ որում, պարտադիր դիտազննման պահանջը վերացվում է Դոնեցկի եւ Լուգանսկի ժամանակավորապես գրավված տարածքներից, Ղրիմի ինքնավար հանրապետությունից եւ Սևաստոպոլից մուտք գործող անձանց համար:

Որոշման համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել անցակետերում բժշկական զննում անցնելու վայրերի պարտադիր առկայությունը: