Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները խռովքի են մատնել հայությանը, իսկ ներքին հայկական մտահոգությունը պառակտումի է տանում: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ սփյուռքահայության ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Օշական Չոլոյանը: «Երբ այս թեմի մեջ այդ համահայկական հարցը տեղական նաեւ մտահոգության ու պառակտումի առիթ կարող է լինել, ինձ համար լուրջ անհանգստություն է»,- ասել է Օշական Չոլոյանը եւ հավելել, որ «ցեղասպանությունը բոլորիս համար էլ հիմնական հարցն է»:

Հայ հոգեւորականը նաեւ սքանչելի է որակել Սերժ Սարգսյանի կողմից երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման աշխատանքը: «Սակայն դա չպետք է լինի ավելի մեծ բանի գնով, եւ դա մեր ցեղասպանությունն է, մեր սահմանների անխախտելիությունն է եւ մեր Սփյուռքի, նաեւ հայության տագնապը»,- ասել է Չոլոյանը եւ հավելել. «Ես համաձայն եմ, որ այս արձանագրությունները լայն տողերով են գրված, նրանց մեջ շատ բան կա: Մեր մեկնաբանությունները նույնը պիտի չլինեն, ինչ Թուրքիայի կողմից հնչող մեկնաբանությունները»: