Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների եւ մահվան դեպքերի թվով: Այս մասին «Քաղտնտեսություն» ինստիտուտի կազմակերպած քննարկմանն ասաց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
Քաղաքագետը փաստեց, որ Հայաստանում դեպքերի թվի ցուցանիշը գրեթե կրկնակի անգամ ավել է, քան համաշխարհային միջին ցուցանիշը՝ 20 անգամ ավել, քան Վրաստանում: Կառավարությունը ձախողեց համաճարակաբանական միջոցառումները եւ երկիրը կանգնեցրեց աղետի առջեւ, շեշտեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության եւս մեկ ճգնաժամ է գործընկերների հետ հարաբերությունները, որոնք կա՛մ փչացած, կա՛մ սառեցված են: Նրանց հաջողվեց լարվածություն մտցնել նույնիսկ Վրաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը շրջափակման տակ է, արձանագրեց Թեւանյանը:
Դրան գումարվում է ներքաղաքական ճգնաժամը: «Երբ իշխանություններն ասում էին, որ կորոնավիրուսը հնարավորություն է, ըստ երեւույթին, նրանք ի նկատի ունեին իշխանությունը պահելու սխեմաները: Արտակարգ դրությունը իշխանությունների համար իշխանությունը պահելու միջոց է»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Նա հիշեցրեց ընդդիմության դեմ ուղղված գործողությունները. «Լուսավոր Հայաստանը» ենթարկվեց ֆիզիկական բռնության, իսկ «Բարգավաճ Հայաստանի» դեմ բացահայտ քաղաքական հարձակումներ են իրականացվում: Ընդ որում, դա արվում է գլխավոր դատախազի ձեռքով, նրան օգտագործել են 2018-ին եւ հիմա: «Սակայն ամենամեծ ճգնաժամը ոչ լեգիտիմ իշխանություններն են»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նույնիսկ եթե խոստովանել ընտրությունների օրինականությունը, այժմ գործողությունների լեգիտիմության ճգնաժամն ակնհայտ է, իշխանություններն իրենք են խոստովանում, որ չեն կարող որոշումներ կայացնել կյանքեր փրկելու համար:
«Ի՞նչ որոշումներ կարող են լինել: Տնտեսական ցուցանիշները վատթարացել են 17.2 տոկոսով: Աղքատության խորացումը մոտ է, իսկ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունք չի տվել եւ չէր էլ կարող տալ: Դրա համար բնակչության համախմբում եւ լուրջ ներդրումներ են պահանջվում, առնվազն՝ ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով, ինչը իշխանությունները չեն կարող անել, քանի որ չկա վստահություն ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում: Ելքը. Հայաստանում պետք է գրագետ թիմ ձեւավորվի: Իշխանությունները դա չեն կարող անել: Հետեւաբար վարակման եւ մահվան դեպքերը կշարունակվեն»,- ասաց քաղաքագետը:




























