ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփին բազմակի ստի մեջ է մեղադրել: Նա այդ մասին հայտարարել է չորեքշաբթի ցուցադրված ABC հեռուստաընկերության հարցազրույցի կարճ հատվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահն արդյոք ստո՞ւմ է»,- Բոլթոնին հարց է ուղղել հաղորդավար Մարթա Ռադացը: «Այո, եւ ոչ առաջին անգամ»,- պատասխանել է Բոլթոնը՝ հաստատելով, որ Դոնալդ Թրամփի հետ չի զրուցել նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից հեռանալու պահից:
Այն հարցին՝ մտադի՞ր է արդյոք ապագայում Թրամփի հետ խոսել, Բոլթոնը պատասխանել է. «Կասկածում եմ»:
Բոլթոնը հարցազրույց է տվել իր՝ «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցով. Սպիտակ տան հուշագրություն» (The Room Where It Happened: A White House Memoir) հուշագրության սպասվող լույս ընծայման նախաշեմին: Թրամփի վարչակազմը փորձում է դատարանի միջոցով թույլ չտալ ներկայիս տեսքով գրքի հրատարակումը՝ վկայակոչելով այն, որ դրանում բազմաթիվ գաղտնի տվյալներ կան, որոնք նախատեսված չեն լայն հանրության համար:
Բոլթոնն ազգային անվտանգության օգնականի պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին: Նրա հուշագրությունը, որ պարունակում է միանգամայն անբարենպաստ գնահատականնր, պետք է լույս տեսներ մարտին, սակայն հետո հրատարակումը հետաձգվեց մինչեւ մայիս:
Ապրիլի վերջին հայտնի էր դարձել, որ գիրքը լույս է տեսնելու հունիսի 23-ին: Simon and Schuster հրատարակչատունը անցած ուրբաթ հրապարակել էր գրքի նախաբանը, որի համաձայն՝ Բոլթոնը, մասնավորապես, արտաքին քաղաքականությանը Սպիտակ տան տիրոջ մոտեցումը համեմատում է անշարժ գույքի գործարքների հետ, ինչը հանգեցնում է ԱՄՆ դիրքերի թուլացման:





























