Նորվեգիայում Բերգենի համալսարանական թանգարանի հնագետները պեղել են երկաթի դարի ոչ մեծ դամբարան եւ այնտեղ հայտնաբերել հին հռոմեական սեղանի խաղի մնացորդներ, որն ինչ-որ բանով շախմատն է հիշեցնում, հայտնում է Phys.org-ը:

Հետազոտողները պեղումները կատարել են այս տարվա ապրիլին: Երկաթի դարի ոչ մեծ դամբարանը հայտնաբերվել է Նորվեգիայի արեւմուտքում, Իտրե Ֆոս քաղաքի մերձակայքում:

Այն հին ծովային ճանապարհի մի մասն էր, որ հայտնի էր Նորդվեգեն անունով: Հենց այս ճանապարհն է հետագայում Նորվեգիային տվել անվանումը: Այս ամբոջ շրջանը լի է մոնումենտալ դամբարաններով: Ի դեպ, դա նաեւ իշխանության խորհրդանիշ էր՝ մոնումենտալությունը պետք է տպավորություն գործեր առեւտրականների վրա:

Գիտնականները պեղված դամբարանում հայտնաբերել են երեք խեցե անոթ մարդկային աճյունափոշիով: Գտնվել են նաեւ արտեֆակտներ, այդ թվում՝ այրված ապակու կտորներ եւ բրոզե քորոց: Բայց ամենաինտրիգային գտածոն խաղային խորանարդներն են եւ ոսկորից հատված 18 քանդակ պատկերները:

Առայժմ չի հաջողվել պարզել այս արտեֆակտների ստույգ տարիքը: Հետազտողները ենթադրում են, որ խաղը պատրաստվել է մ. թ. 1 թվականից ոչ վաղ եւ 400 թվականից ոչ ուշ:

Սկանդինավիայի համար սա չափազանց եզակի գտածո է: Բայց այսպիսի ռազմավարական խաղերը տարածված էին Հռոմեական կայսրության տարածքում: Ի դեպ, Դանիայում ավելի վաղ խաղային տախտակ էր հայտնաբերվել: Գիտնականների կարծիքով՝ այն օգտագործվել է նույն խաղի համար, ինչ եւ նորվեգական դամբարանում հայտնաբերված առարկաները:

Սա ցույց է տալիս, որ այդ ժամանակ այս շրջանում բնակվող գերմանական ցեղերը ակտիվորեն խաղացել են սեղանի խաղեր: Ամենատարածված հռոմեական խաղն էր Ludus latrunculorum կոչվող խաղը, որը նման էր շախմատին: Ի դեպ, Սկանդինավիայում այն եւս հայտնվել է երկաթի դարում:

Դարերի ընթացքում խաղը փոխակերպվել է եւ ստացել սեփական անվանում՝ Hnefatafl: Այն անչափ տարածված էր մ.թ. 750-1050 թվականներին՝ վիկինգների դարաշրջանում:

Ինչ վերաբերում է գտածոներին, ապա ուղարկվել են լաբորատորիա հետազոտության: Գիտնականները պետք է դրանք ոչ միայն ճշգրիտ նույնականացնեն ու թվագրեն, այլեւ կատարեն քիմիական անալիզ: Վերջինը, հավանաբար, ցույց կտա, թե խաղը որ տարածաշրջանում է պատրաստվել: