Հնագույն մարդիկ Աֆրիկայից Արաբիա գաղթելիս կարող էին կակղամորթիներով սնվել, որոնք նրանց օգնում էին ողջ մնալ երաշտից հետո եւ դիմանալ սովորական սննդի պակասին, փոխանցում է Popular Mechanics-ը:
Նյու Յորքի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Կարմիր ծովի ափամերձ հատվածի ջրի տակ անցած բրածո ժայռերը: Հենց այս ափի երկայնքով էին անցնում Աֆրիկայից դեպի Արաբական թերակղզի ուղեւորվողների երթուղիները: Հնէաբանները մոտ 5000 տարեկան ավելի քան 15.000 խեցի են ուսումնասիրել: Պարզվել է, որ ծովային կակղամորթիների պոպուլյացիան բավարար էր՝ հնագույն մարդկանց սնունդ տալու համար, եւ այդ ծովային ռեսուրսը չի սպառվում:
Գիտնականներն իրենց հետազոտությամբ նաեւ հաստատել են, որ տեղի բնակչությունը նույնպես ակտիվորեն կակղամորթիներ էր օգտագործում սննդի մեջ: Դրանք հասանելի էին ամբողջ տարվա ընթացքում, եւ դա հատկապես կարեւոր էր երաշտի ժամանակաշրջանում, երբ երկրի վրա սնունդ գտնելը հեշտ չէր:
Հնագետ Նիկլաս Հաուսմանի խոսքով՝ սննդի աղբյուրները շատ կարեւոր են միգրացիոն գործընթացները հասկանալու համար: Երաշտները կարող էին սահմանափակել մարդկանց տեղաշարժը: Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բավարար ռեսուրսներ եղել են ամբողջ տարվա ընթացքում:





























