Ակնկալելով միայն պայծառ եւ արեւոտ եղանակ` Երեւանի կենդանաբանական այգին բոլորիդ հրավիրում է միանալ մայիսի 9-ի տոնական եռուզեռին:

Անձրեւային եղանակի պատճառով, Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ մայիսի 1-ին նախատեսված միջոցառումներից ացելուների հիմնական մասն այդպես էլ չկարողացավ մասնակցել: Ուստի Կենդանաբանական այգին հրավիրում է մայիսի 9-ին տոնական ուրախ տրամադրությամբ մեկտեղել երկու տոները:

Մայիսի 9-ին Երեւանի կենդանաբանական այգու մուտքի մոտ այցելուներին կդիմավորեն սիրված հեքիաթների ծանոթ ու հարազատ հերոսները:

Կենդանի երաժշտություն, թատերական ուրախ ներկայացումներ, բազմապիսի խաղ-մրցույթներ. այգու ողջ տարածքում տաղակայված կլինեն ամենատարբեր տաղավարներ, որտեղ երեխաները կկարողանան համատեղել ժամանցն ու կրթությունը: Առանձին տաղավարով կներկայանա նաեւ LEGO ապրանքանիշը:

Փոքրիկները հնարավորություն կունենան մասնակցել տարբեր խաղերի, նկարել ու ներկել: Ողջ օրվա ընթացքում այցելուների համար բաց կլինի նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «Կանաչ ավտոբուսը»:

Մայիսի 9-ը նաեւ հրաշալի առիթ է ծանոթանալու այգու նոր բնակիչների` Սեւ գայլի եւ Հայկական մուֆլոնի օրեր առաջ լույս աշխարհ եկած ձագուկների հետ: