Իռլանդական դամբարանում 5000 տարվա վաղեմության մարդկային աճյուն է հայտնաբերվել, որի ԴՆԹ-ի վերլուծությունը խոսում է այն մասին, որ նա ծնվել է արյունապիղծ միությունից: Ընդ որում, թաղման բնույթը վկայում է դրա՝ հասարակության վերնախավին պատկանելության մասին, հայտնում է Popmech-ը:

Թրինիթի քոլեջի հնագետները գտել են այդ աճյունները Նյուգրեյնջի միջանցքային դամբարանում, որը գտնվում է Դուբլինի մերձակայքում: Դրա կառուցվածքը շատ խոշոր է եւ մոտ երկու հարյուր տոննա է կշռում: Ինչպես պարզվել է, ոսկորները, որոնք գտնվում էին գերեզմանի հենց կենտրոնում, ընդ որում՝ հմտորեն զարդարված, տղամարդու են պատկանում:

Գիտնականները կարծում են, որ այդ մարդը ծնվել է եղբոր եւ քրոջ միությունից կամ ծնողի եւ նրա զավակի միությունից: Հասարակության մեծ մասում նման հարաբերություններն արգելված էին: Բայց այն, թե ինչպես էր տղամարդը թաղված, հուշում է, որ նման հարաբերությունները թույլատրելի էին:

Մինչդեռ որոշ մշակույթներում այդպիսի միություններ թույլատրվում էին, երբ տիրակալը աստվածացված էր եւ չէր կարող ամուսնանալ սովորական մարդկանց հետ: Հետազոտողներն այս կապակցությամբ վկայակոչում են Ինկերի կայսրությունը, Հին Եգիպտոսը եւ Հավայան կղզիների պոլինեզիական հասարակությունները: Ուստի հնագետները ենթադրում են, որ գտնված աճյունը պատկանում է իշխող վերնախավի ներկայացուցչի:

Նյուգրեյնջն Իռլանդիայի ազգային հուշարձանն է եւ նույնիսկ մտել է կելտական դիցաբանություն՝ որպես փերիների դամբանաթուփ: