Կամբոջայի բնակիչն իր տան բակը զարդարել է հին ականներով եւ ռազմամթերքով, որոնք, պարզվել է, աշխատանքային վիճակում էին:

Մոտ 30 չպայթած ռազմամթերք էր կախված տամարինդ ծառի վրա եւ ցրված տղամարդու ամբողջ բակում, հայտնում է AP-ն: Երկրի Ականազերծման պետական գործակալության ներկայացուցիչ Կեն Սրիենգի խոսքով՝ դրանք մնացել էին 30 տարվա քաղաքացիական պատերազմից հետո, որն ավարտվել է 1990-ական թվականներին, եւ ականների մեծ մասը դեռեւս ակտիվ է ու վտանգավոր:

Նա հայտնել է, որ տղամարդն աղբահավաք էր աշխատում եւ սարքերը հավաքել է իր տան մերձակայքի բրինձի դաշտերից ու անտառներից, որ վաճառի որպես ջարդոն: Սակայն այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել է ականների ու չպայթած մյուս ռազմամթերքի վաճառքն ու գնումը, նա չգիտեր ինչպես վարվել դրանց հետ եւ որոշել է դրանցով զարդարել բակը: