Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունում է ընդդիմության, մասնավորապես Հայ ազգայի  կոնգրեսի հետ համագործակցությունը։ Մայիսի 9-ին  լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ինքը՝ ԱԺ նախագահը։

«Համագործակցություն տեսնում եմ, իրենք էլ են հայտարարում, որ համագործակցության անհրաժեշտության կա։ Եթե իրենք պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ համագործակցելու, որովհետեւ յուրաքանչյուր համագործակցություն բխում է ժողովրդի եւ պետության շահերից։ Եթե հիշում եք, ես բազմաթիվ առիթներով առաջարկել եմ Ազգային ժողովի ամբիոնը դարձնել բազմակարծության, քննարկումների, քննադատությունների ամբիոն։ Ճիշտ կլինի փողոցներից  վերադառնալ եւ յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր խնդիր քննարկել խորհրդարանում։ Եթե կան ողջամիտ տեսակետներ, իշխանությունը միշտ պատրաստ է լսելու դրանք, անկախ նրանից՝ ընդդիմության, թե իշխանության տեսակետն է դա»,- նշեց Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ ԱԺ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն հեղինակազրկում է երկրի պատիվը։ «Արտահերթ ընտրությունների կարիք չկա, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի: Դա շատ քիչ ժամանակ է ե’ւ ընդդիմության ե’ւ իշխանության նախապատրաստվելու համար։ Ճիշտ կլինի, որ իրենք իրենց ուժերը ներդնեն, նախապատրաստվեն թափանցիկ ընտրությունների։ Բոլորդ գիտեք, որ ներկայումս ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում եւ փորձում ենք ընդգրկել նաեւ ընդդիմությանը, քննարկել ընդդիմության կողմից հնչող առաջարկությունները։ Մեզ համար կարեւոր է, որ ընտրական օրենսգիրքն ընդունվի բոլոր ուժերի կողմից»,- նկատեց ԱԺ նախագահը:

Ամփոփելով՝ նա տեսակետ հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարաական ընտրությունների արդյունքում կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի տեղ կզբաղեցնի՝ կախված է ժողովրդի կամքից։