Մայիսյան եռատոնի կապակցությամբ, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր` մայիսի 9-ին այցելել է Թալին, հանդիպել հայրենական պատերազմի վետերանների, արցախյան պատերազմի մասնակիցների եւ զոհված ազատամարտիկների հարազատների հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարարը այցելել է Թալինի նորաբաց Փառքի սրահ, որտեղ ներկայացված են հայրենական պատերազմի եւ արցախյան ազատամարտի մասնակից թալինցի հերոսների նկարները, նրանց սխրանքների մասին պատմող գրավոր մասունքները:

Հայրենական պատերազմի եւ արցախյան ազատամարտի վետերանները պաշտպանության նախարարի հետ կիսվել են իրենց հուշերով, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանության վերաբերյալ իրենց ընկալումներով:

Խոսելով Շուշիի ազատագրման ռազմական պլանի մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը իրականացվել է ռազմական գիտության ամենաբարձր չափանիշներով: Այդ փառապանծ հաղթանակի մեջ վետերանների ունեցած ներդրման մասին պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ձեր խիզախությունը իր արտացոլումը գտավ մեր նորօրյա պատմության մեջ:

Ձեր սխրանքների օրինակներով դաստիարակված` իմ հասակակիցները նետվեցին կռվի դաշտ` ապահովելու մեր ժողովրդի պաշտպանությունը եւ Արցախի ազատագրումը»: