Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում սկսել են զանգվածային կերպով չեղարկել հարսանյաց հանդեսները, սակայն դա էլ դարձել է առիթ նոր բիզնես-գաղափարներ իրագործելու համար: Այդպես ի հայտ է եկել նոր ծառայությունների տեսակ՝ վիրտուալ հարսանիք:

V-Wedding նախագծի մասին պատմել են երկու ընկերությունների՝ REXIT Inc.  հարսանեկան գործակալության նախագահ Մասակի Անդոն եւ  Chet Group ընկերության համահիմնադիր Թոսիա Նիկուրան, որը ստեղծում է եւ սպասարկում է տարատեսակ վիդեոներ եւ վիրտուալ կոնտենտ, հաղորդում է ՌԻԱ Նովոտի-ն:

«Կորոնավիրուսի պատճառով անհնար էր դարձել հարսանեկան արարողությունների անցկացումը: Ես մտածում էի՝ ինչպես դրանք կազմակերպել առցանց եւ միեւնույն ժամանակ դարձնել այդ օրն անմոռանալի: Մենք պարոն Մասակի Անդոյի հետ քննարկման արդյունքում ստեղծեցինք ծառայությունների հարթակ: Դա սկիզբն էր»,-պատմել է Թոսիա Նիկուրան:

Մասակի Անդոյի REXIT Inc. ընկերությունը զբաղվում է տոնական արարողությունների կազմակերպմամբ: Նա ասում է, որ ապրիլին եւ մայիսին, երբ Ճապոնիայում սահմանվել էր արտակարգ դրություն, հարսանիքներն արագորեն չեղարկվում էին: Սակայն պարզապես առցանց հարսանիքի գաղափարը նրան հետաքրքիր չէր թվացել:

Ինչպես նշել է CHAT Group-ի նախագահ Նիկուրան, պետք է ավելացնել այն, ինչն անհնար է իրագործել սովորական հարսանեկան տոնախմբության ժամանակ՝ սիրելի երգիչների կամ արտիստների մասնակցությունը կամ տեսաուղերձը:

Հյուրերին ուղարկվում են հրավերներ, որտեղ նշված է ժամն ու օրը, երբ նրանք կարող են միանալ տոնակատարությանը: Այնուհետեւ իրական ժամանակի ռեժիմում նորապսակները հատուկ ստուդիայում անցկացնում են արարողությունը, բարձրացնում կենացներ, կտրում հարսանեկան տորթը, մասնակցում շնորհավորական ուղերձներին: Միակ տարբերությունը կայանում է նրանում, որ նրանց հետեւում կանաչ էկրան է, իսկ դահլիճում ֆիզիկապես որեւէ հյուր չի գտնվում: Իսկ հյուրերը տեսնում են երիտասարդ զույգին Լուսնի մակերեւույթին, այնուհետեւ լճում, այնուհետեւ ճարտարապետական հին հուշարձանների ֆոնին: Հյուրերը շնորհավորում են նորապսակներին, շփվում նրանց եւ միմյանց հետ:

Առաջին այդպիսի հարսանիքն անցկացվել էր մայիսի 24-ին: Նորապսակները երազում էին տոնել այն Հավայան կղզիներում, սակայն կորոնավիրուսի պատճառով դա անհնար էր: Հաջողված առաջին փորձից հետո նախագիծը սկսել էր պատվերներ ընդունել: Այժմ կա ավելի քան 10 պատվեր: Նախապատրաստումը զբաղեցնում է 2-3 ամիս: Նախագծում նախատեսվում է համատեղել հարսանեկան տոնակատարությունը դահլիճում հյուրերի հետ եւ միաժամանակ անցկացնել այն առցանց այն հյուրերի համար, որոնք չեն կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը: