ԱՄՆ-ում չինական լրատվամիջոցների կանոնների խստացումը վկայում է մամուլի վրա ամերիկյան իշխանությունների կողմից գործադրվող ճնշման մասին: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա արդեն երկրորդ անգամն է, երբ Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ում չինական լրատվամիջոցները որպես արտասահմանյան ներկայացուցչություններ են ճանաչում: Սա Միացյալ Նահանգների կողմից ՉԺՀ-ի լրատվամիջոցների վրա ճնշման լրացուցիչ վկայությունն է: Այս քայլը խաթարում է նրանց սովորական լրագրողական գործունեությունն ԱՄՆ-ում»,- հայտարարեց դիվանագետը:
«Սա բացահայտում է ԱՄՆ-ում «խոսքի եւ մամուլի ազատություն» կոչվող կեղծավորությունը»,- նշել է ՉԺՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: «Մենք խստորեն կոչ ենք անում ԱՄՆ կողմին դադարեցնել սառը պատերազմի ժամանակների գաղափարական պրակտիկաները,- ասել է Չժաո Լիցզյանը:- Հակառակ դեպքում Չինաստանը ստիպված կլինի անհրաժեշտ պատասխան տալ»,- շեշտել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երկուշաբթի հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խստացնում է կանոնները չինական չորս լրատվամիջոցների համար՝ նրանց կարգավիճակը որպես «արտասահմանյան ներկայացուցչություններ» սահմանելով: Խոսքը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության, China News Service գործակալության, «Ժենմին ժիբաո» եւ Global Times թերթերի մասին է:
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ այս լրատվամիջոցները պարտավոր կլինեն տրամադրել Միացյալ Նահանգներում իրենց աշխատակիցների ցուցակները, զեկուցել կադրային տեղաշարժերի մասին, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարությունում գրանցել իրենց ունեցվածքը:




























