Երեւանում մայիսի 7-ին, ժամը 19:30-ի սահմաններում Նոյի փողոցի 10/1 հասցեի դիմաց անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի աղջկա եւ թողնելով անօգնական վիճակում` դիմել փախուստի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը թիվ 118 դպրոցի աշակերտուհի, 16-ամյա Նելլի Մինասյանն է, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Հաջորդ օրը ՃՏՀ քննության բաժնի եւ Մալաթիայի ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում վրաերթ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 29-ամյա Գարեգին Ղուկասյանը:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է նա` իր կողմից վարած ՎԱԶ-21063 մակնիշի 16 ՏԼ 019 համարանիշի ավտոմեքենայով:
Ղուկասյանը Եղվարդի ոստիկանության բաժնի պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի քրոջ որդին է, իսկ վրաերթը կատարելիս եղել է ոչ սթափ վիճակում:
Մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ, ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























