Մակեդոնական Օխրիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Միկա» ակումբը 2-րդ տուրում հաղթանակ է տարել առաջնության ֆավորիտներից մեկի՝ մոսկովյան «ShSM-64» թիմի նկատմամբ: Ընդ որում, մեր թիմը ներկայացնող 6 շախմատիստներից 5-ը՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրեասյանը եւ Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել իրենց մրցակիցների հետ, եւ միայն Գաբրիել Սարգսյանն է հաղթանակ տարել ռուսաստանյան թիմը ներկայացնող Կարուանա Ֆաբիանոյի նկատմամբ: Ի դեպ, «ShSM-64» թիմում հանդես են գալիս ճանաչված գրոսմայստերներ Բորիս Գելֆանդն ու Սերգեյ Կարյակինը:

2-րդ տուրից հետո Հայաստանը 4 միավորով միանգամից 14 թիմերի հետ առաջատարն է, թեեւ հավելյալ ցուցանիշներով զբաղեցնում է 14-րդ տեղը:

3-րդ տուրում «Միկան» հանդիպելու է առաջնության առաջատարներից մեկի՝ PVK-Kievchess-ի հետ: