Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը, կուսակցության գլխավոր քարտուղար Բիլհուն Թամայլըգիլն ու Ստամբուլի 2-րդ ընտրատաևածքից առաջադրված պատգամավորության թեկնածու, հրեական արմատներով Մարի Գորմեզանոն այցել են Պոլսո Հայոց պատրիարքարան:
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցության պատվիրակությանը պատրիարքարանում դիմավորել է փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը: Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Օսման Քորութուրքը նշել է, թե ազգային փոքրամասնություններն իրենց համար շատ կարեւոր են: «Մենք Լոզանի պայմանագրի շրջանակում բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքների հետեւում ենք կանգնած»,-նշել է Քորութուրքը:
Լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ պատգամավորության թեկնածուների շարքում հայազգի չմտավ, որին ի պատասխան Քորութուրքն ասել է, թե թեկնածության համար իրենց 4300 հոգի էր դիմել, սակայն իրենք ստիպված են եղել գրանցել միայն 550 հոգու: «Այս իրավիճակից ոչ ոք գոհ չէ: Կուսակցության նախագահը նույնպես հրահանգել է, որ հաջորդ անգամ թեկնածուների նախնական ընտրություն է կատարվելու, որով կլւոծվի այս հարցը»,-շեշտել է թուրք գործիչը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, Օսման Քորութուրքը նշել է, թե այդ թեման դեռ կուսակցությանն օրակարգ չի մտել: Բոլորին հայտնի է մեր կուսակցության դիրքորոշումն այդ հարցում: Մենք այդ ամենն ընդունում ենք որպես ցավալի իրադարձություններ: Երկու կողմի համար էլ ցավալի իրադարձություններ են եղել: Մենք կողմնակից չենք, որ այն կոչվի ցեղասպանություն»,-ասել է Օսման Քորութուրքը:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանական 4 կուսակցությունների կողմից սպասվում էր, որ առաջիկա ընտրություններում հայազգի թեկնածուներ կներկայացվի, սակայն ի վերջո ոչ մի հայ տեղ չգտավ նախընտրական ցուցակներում:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 12-ին:




























