Լաբորատոր փորձաքննությունը հայկական արտադրության նրբերշիկի մեջ հայտնաբերել է սոյա, որը եղել է գենետիկորեն մոդիֆիկացված։ Այդ մասին այսօր՝ մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի (այս ընկերությունն է իրականացնում լաբորատոր փորձաքննությունը) տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը։ Գենետիկական մոդիֆիկացիա է հայտնաբերվել նաեւ ձկան կերում։

Ա. Մեհրաբյանը չնշեց, թե կոնկրետ որ ընկերության նրբերշիկն է գենետիկորեն մոդիֆիկացված, քանի որ փորձաքննության ժամանակ նմուշները ներկայացվում են առանց պիտակների` հավասարության սկզբունքն ապահովելու համար:

Լաբորատոր փորձաքննության անցած մյուս սննդամթերքների մեջ գենետիկ մոդիֆիկացիա չի հայտնաբերվել։ Ըստ Ա. Մեհրաբյանի՝ մասանավորապես փորձաքննության են ենթարկվել Թուրքիայից ներմուծված լոլիկը, մանկական տարբեր կերեր, ներմուծվող միս կամ մսամթերք։

Նշենք, որ Հայաստանում սննդամթերքի գենետիկ մոդիֆիկացիայի փորձաքննություն անցկացվում է արդեն 1 տարի։ Այն իրականացվում է մասնավոր հիմունքներով՝ 1 նմուշի հետազոտությունն արժե 22 հազ. դրամ։ Գործարարներն ու սպառողները կամավորության հիմունքներով են իրականացնում նման փորձաքննություն։ Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի՝ պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների քանակը հասցվել է զրոյի, սակայն կառավարությունն ակնկալում է, որ գործարար շրջանակներն ու հասարակությունը ավելի ակտիվորեն կներգրավվեն սննդամթերքի անվտանգության վերահսկողության գործընթացում։