«Թուրքիան բազմիցս փորձել է ճեղք առաջացնել հայ քաղաքական մտքում, որպեսզի հայկական համախմբված միտք արտահայտող հայոց պետությունը հանդես չգա հայ ժողովրդին հուզող հիմնարար երկու հարցերով՝ Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներով եւ Ցեղասպանության ճանաչման պահանջով»։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

«Մենք երբեք դեմ չենք եղել երկու ժողովուրդների երկխոսությանը, սակայն այդ երկխոսությունը նշանակում է, որ երկու երկրները, հատկապես թուրքական կողմը, պետք է ընդունեն իրենց անցյալը, ընդունեն ամոթալի էջերը, հստակ դիրքորոշում ցուցաբերեն իրենց անցյալի նկատմամբ։ Սակայն այսօր Թուրքիան փորձում է՝ շրջանցելով իր անցյալը, փակելով իր պատմության որոշակի էջեր, հանդես գալ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող քաղաքակիրթ ժողովուրդ ու երկիր։ Մենք դեմ չենք երկխոսությանը, սակայն այն չպետք է իրականացվի մեր ազգային ինքնասիրության ու արժանապատվության հաշվին»,- նշել է Դավիթ Իշխանյանը։

Ընդ որում նա նշել է, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը տեղ է գտել ղարաբաղյան պատերազմի հետեւանքով, դրա նախաձեռնողը եղել է թուրքական կողմը, այն ուղղված է եղել հայոց պետությունը խեղդելուն, եւ, համապատասխանաբար, Թուրքիան պետք է նախաձեռնություն հանդես բերի սահմանի ապաշրջափակման հարցում»։

«Գիտակցելով Հայաստանում ստեղծված ծանր ու պայթյունավտանգ իրավիճակը, Դաշնակցությունը փորձում է քաղաքակիթ մեթոդներով, համապատասխան բացատրություններով ներկայանալ ոչ միայն հայկական իշխանություններին, այլեւ հասարակությանը։ Ես կարծում եմ, որ հայության արցախյան հատվածը չպետք է անտարբերություն հանդես բերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ, քանի որ դրանք խաչվում են ղարաբաղյան հարցի հետ։ Անտարբերությունը կարող է մեզ կործանման հասցնել»,- ասել է Դավիթ Իշխանյանը։

Դաշնակցությունը դեմ չէ եւ երբեք դեմ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն առանց նախապայմանների ու միջազգային իրավունքի շրջանակներում։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին՝ գիտակցելով, որ 21-րդ դարում փակ սահմանն անբնական երեւույթ է։ Սակայն Դաշնակցությունը դեմ է սահմանների բացմանը այն պայմաններով, որոնք արձանագրված են նախաստորագրված փաստաթղթերում",- ասել է Դավիթ Իշխանյանը՝ նշելով, որ Թուրքիան անընդհատ փորձում է հանդես գալ իր նախապայմաններով՝ ձգտելով փաստաթղթերում ընդգրկել կարեւոր երեք կետեր, որոնցից երկուսը՝ Հայաստանի Հանրապետությունը չպետք է Թուրքիային ներկայացնի տարածքային որեւէ պահանջ եւ պետք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ ակնհայտ են, իսկ երրորդը, որը վերաբերում է ղարաբաղյան խնդրին, այդքան ակնհայտ չէ"։ Սակայն մեզ համար պարզ է, որ ղարաբաղյան հարցը այս կամ այն առումով ընդգրկված է տվյալ փաստաթղթերում։ Արձանագրությունները ենթադրում են, որ ղարաբաղյան հարցում Հայաստանը պետք է զիջողական դիրքորոշում ցուցաբերի",- ասել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը։

ՀՅ Դաշնակցության արցախյան ներկայացուցչությունը գրքույկ է հրատարակել, որում ներառված են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում հնարավոր փոփոխությունների առաջարկները։ Դրանցում, մասնավորապես, ընդգծվում է որեւէ նախապայմանի անթույլատրելիությունը։ «Մենք պետք է հասնենք այն բանի հստակ փաստաթղթայնացմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների։ Բանավոր հայտարարությունները հիմք չեն կարող հանդիսանալ մեզ համար, իսկ այ ստորագրված փաստաթուղթը կդառնա ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդների այն հիմնարար փաստաթուղթը, որով կղեկավարվի մեր ապագա քաղաքականությունը»,- եզրափակել է Դավիթ Իշխանյանը։