Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին թույլատրել է «Ռոսնեֆտեգազ» ԲԲԸ-ից ձեռք բերել «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը: Այդ մասին տեղեկանում ենք Հանձնաժողովի պաշտոնական կայքէջից։ Հանձնաժողովի մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ առաջիկա 3 օրերի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կստորագրի սույն որոշումը, որից հետո այն կմտնի ուժի մեջ։

Նշենք, որ խոսքը չի վերաբերում «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկին, որը պատկանում է «Հայռուսգազարդին»։

Հիշեցնենք, որ Հրազդան ՋԷԿ-ը 2004 թ. Ռուսաստանի կառավարությանն է  փոխանցվել «գույք պարտքի դիմաց» սխեմայով՝ գնահատվելով 31 մլն դոլար։ ՌԴ կառավարությունը այնուհետ «Հրազդան ՋԷԿ»-ը մասնատեց 2 մասի՝ 5-րդ էներգաբլոկը հանձնելով «Գազպրոմին», իսկ մյուս էներգաբլոկները փոխանցվեցին «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին։ «Ռոսնեֆտեգազի» 100% բաժնեմասը պատկանում է ՌԴ պետական գույքի կառավարման դաշնային գործակալությանը։