Հայաստանի վերահսկիչ պալատը Համաշխարհային բանկից ստացված վարկերի օգտագործման ոլորտում ուսումնասիրություններից հետո հանգել է այն եզրակացության, որ վարկային միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում։ Այդ մասին այսօր՝ մայիսի 12-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փաստացի համաձայնելով ՎՊ եզրակացությունների հետ։
Մասնավորապես՝ վարկերի միջոցով ձեռք են բերվում սարքավորումներ, որոնք կրկնակի թանկ են շուկայական գներից։ Ընդ որում, ըստ վարչապետի, ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ է արվում՝ ժամանակին հայտարարվում, անցկացվում ու ամփոփվում են մրցույթները։ Սակայն վարչապետը օրինակ բերեց, թե ինչպես էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող ստանդարտների ինստիտուտը թանկ գնով ձեռք է բերել սարքավորումներ։
«Միայն ինտերնետային կայքերից օգտվելով պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան, եւ եթե մեր հանձնաժողովի նախագահները մասնագետներ են, իսկ դա այդպես է, ապա իրավունք չունեն այդպիսի մրցույթի արդյունքները բերել մեր հաստատմանը»,- հայտարարեց Տ. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այսուհետ հանձնաժողովների վրա պատասխանատվություն կդրվի ոչ միայն մրցույթների ֆորմալ կողմը ապահովելու համար, այլեւ բովանդակային։




























