Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, առաջին հերքին անհրաժեշտ է կողմերի կամքը, իսկ կարգավորման նոր ձեւաչափերի փնտրտուքը աննպատակահարմար է, քանի որ կարող է լղոզել բանակցությունների ողջ գործընթացը: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` ընդգծելով, որ բանակցությունների տարբեր փուլերում կողմերն արդեն մոտ են եղել կարգավորման, սակայն առկա ներքին խնդիրների պատճառով երկրի առաջնորդները չեն կարողացել հասնել վճռական քայլերի:
Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում հայկական կողմը զոհեր է կրել, Ռաչինսկին նկատել է, որ հակամարտության կողմերի միջեւ տասնյակ տարիներ լարված իրավիճակ է, իսկ շփման գծում մշտապես կրակոցներ են հնչում:
«Ես հասկանում եմ ձեր հայրենասիրական զգացումները, բայց եւ դուք պետք է հասկանաք, որ ադրբեջանցիներն էլ նման զգացումներ ունեն: Ավելին, ադրբեջանական կողմը վիրավորված է պատերազմում»,- ընդգծել է Լեհաստանի դեսպանը:





























