«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիին Երեւան կվերադառնա մայիսի 15-16-ին: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմմիի մենեջերը: Նրա խոսքով` երգչուհին իրեն լավ է զգում, շարունակելու է երգել եւ ստեղծագործել, «Եվրատեսիլի» ձախողումը չի սահմանափակի նրա կարիերան: Մենեջերի խոսքով` այժմ նա մտորում է իր հետագա ծրագրերի մասին: Նա ասաց, որ երգչուհին լավ է ելույթ ունեցել, պարզապես եղել են տեխնիկական խնդիրներ` կապված ձայնի, հեռարձակման, sms-ների հետ:
Ինչ վերաբերում է երգչուհու մոր` Նադեժդա Սարգսյանին, ապա մենեջերի խոսքով`իրականությանը չի համապատասխանում մեր այն տեղեկությունը, որ նա առողջական խնդիրներ ունի: Նադեժդա Սարգսյանի Հայաստան կվերադառնա ավելի ուշ, մենեջերի խոսքով` ոչ թե այն պատճառով, որ առողջական խնդիրներ ունի, այլ պարզապես մի քանի գործեր ունի Գերմանիայում. «Եթե նա առողջական խնդիրների ունենար, չէր լինի Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում իր երեխայի համերգին»,- ասաց մենեջերը:
Նշենք, որ երեկ՝ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները:
Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները` 10-րդ հորիզոնականը, իսկ 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդ հորիզոնականը:




























