Ինչպես վկայում են ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տվյալները,  ՙԱՐՄԵՆԱԼ՚ գործարանը հանդիսանում է պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանող, իսկ ներմուծման ծավալով զիջում է միայն բնական գազ, նավթամթերքներ եւ ավտոմեքենաներ ներմուծող ընկերություններին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Սույն թվականի  հունվար-մարտ ամիսների ընթացքում փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի եւ կավահողի  խոշորագույն արտադրող UC RUSAL կազմի մեջ, թողարկել է 6610 տոննա արտադրանք, որը 8,7% գերազանցում է անցյալ տարվա  առաջին եռամսյակի մակարդակը եւ հանդիսանում է ձեռնարկության 11-ամյա աշխատանքի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշը:

Տոննաներով արտահայտված փայլաթիթեղի արտահանման ծավալն առաջին եռամսյակում աճեց 7,7%` հասնելով 5867 տոննայի, իսկ դրամական արտահայտությամբ` 20,5%` հասնելով 20,44 մլն դոլարի: Այսպիսով «ԱՐՄԵՆԱԼ»-ի բաժինը Հայաստանի արտահանման մեջ հասավ 8,22%, ինչը 0,46% ավելի է, քան 2010 թ. արդյունքները:

2010 թ. առաջին եռամսյակի համեմատությամբ՝ միջին ամսական աշխատավարձը 2011 թ. առաջին եռամսյակի  ընթացքում աճել է գրեթե 10%՝ անցնելով 235 հազար դրամից, որը 2 եւ ավելի անգամ գերազանցում է Հայաստանում համանման ցուցանիշը: