Անկարայից եւ Ստամբուլից ժամանած 8 հոգանոց լրագրողների խումբը Գյումրիում  կարեւորել է հայ-թուրքական սահմանի բացումը` նկատելով որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք լինեն: «Առավել եւս փակ սահմաններ չպետք լինեն լրագրողների համար, մենք բոլորս նույն նպատակի համար ենք աշխատում, նույն գործն ենք անում, մենք ազատ ու արդար խոսքի կողմնակից ենք, ուզում ենք նաեւ ազատ ապրել»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքական Taraf թերթի լրագրող Օզգյուն Օզչերը: Նա ասել է, որ շրջելու են նաեւ Հայաստանի մյուս քաղաքներով, իսկ իրենց ուղեւորությունը Հայաստանում սկսել են Գյումրիից, քանի որ շատ են լսել, որ Գյումրին նման  է Կարսին:

Թուրք լրագրողները եղել են քաղաքի տարբեր թաղամասերում, մտել տնակներ: «Մեզ  հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են ապրում գյումրեցիներն ու ի՞նչ խնդիրներ կան աղետ տեսած քաղաքում: Ծանոթացել ենք  նաեւ Հայաստանում գործող լրատվամիջոցների գործունեությանը»,-ասել է ստամբուլահայ լրագրող Նարոդ Մարաշիլյանը՝ միաժամանակ հավելելով, որ «Թուրքիայում եւս ճնշում կա ազատ խոսքի եւ անկախ գործող լրագրողների վրա»:

«Ես արդեն 3-րդ անգամ եմ Հայաստանում»,-ասել է ստամբուլահայ լրագրողը, ով  ի դեպ NEWS am-ի թղթակցի հետ զրուցել է հայերեն: Նա նաեւ նշել է, թե մայրենի լեզուն սովորեցնելու է նաեւ իր երեխաներին՝ չնայած որ Թուրքիայում դա չի խրախուսվում: