Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը Թուրքիային անվանել է միջազգային ահաբեկիչ, կոչ է արել ճանաչել իր կատարած հանցագործությունն ու ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ համայն մարդկությունից: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ին:
Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ մայիսի 11 -ին Պերա Հորիո-Նիսու գյուղի գիմնազիայում տեղի դպրոցի ուսուցիչ Լեւոն Ղազանջյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը, նշելով միջազգային հանրության պատասխանատվությունը, Մ. Գորոյանը հայտարարել է. «Եթե Թուրքիան պատժվեր իր գործած մեծագույն հանցագործության համար, հնարավոր է Կիպրոս թուրքական ներխուժում չլիներ: Ցավոք, միջազգային հանրության կողմից Թուրքիային չդատապարտելը մեծացնում է Անկարայի անհաշտելիությունը, որը փորձում է իր ռազմական հզորությամբ իր կանոնները թելադրել հարեւաններին».
«Քանի դեռ Թուրքիան անպատիժ է մնում, միջազգային հանրությունը չպետք է հպարտանա եւ իրեն պետք է զգա որպես հանցակից այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայիում իրականացված Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ զտման մյուս հանցագործությունները մնում են անպատիժ», -ընդգծել է խոսնակը:




























