Իլհամ Ալիեւը բոլոր աղետների մեղավորին գտել է ի դեմս Ժողովրդական ճակատի: Այս մասին հայտնում է Turan ադրբեջանական պարբերականը:

Պետության ղեկավարի անունից ընդդիմությանը հասցեագրված դավաճանության մեջ մեղադրանքների հերթական ալիքը հնչել է հուլիսի 15-ին կառավարության նիստի ժամանակ:

Ի. Ալիեւը սկսել է նրանից, որ ողջունել է հուլիսի 14-ին ուշ երեկոյան մայրաքաղաքում անցկացված բազմահազարանոց ցույցը, որի մասնակիցները մղվում էին ճակատ եւ պահանջում ռազմական ղեկավարության հրաժարականը:

«Ցավոք, Շեհիդների ծառուղում երթից հետո ցուցարարներին են միացել սադրիչների խմբեր, որոնք կատարել են խուլիգանական արարքներ եւ փորձել խախտել հասարակական կարգը»,- ասել է Ալիեւը: Նա նշել է, որ ոստիկանությանը հանձնարարել է խուլիգաններին գտնել ու պատժել: Ընդ որում՝ նա վստահություն է հայտնել, որ դա «5-րդ շարասյան» ձեռքի գործն է՝ ի դեմս Ժողովրդական ճակատ կուսակցության եւ Ազգային խորհրդի:

Պետության ղեկավարը չափազանց զգայական ձեւով խոստացել է, որ այս անգամ ընդունվելու են ամենախիստ միջոցներ, եւ վերջ է դրվելու այդ թշնամի տարրերի «հակապետական գործունեությանը»:

Ալիեւն, ի դեպ, չի պարզաբանել, թե ինչու է իշխանությունների քաղաքականությամբ բնակչության քննադատությունն ու դժգոհությունը համարում ընդդիմության սադրանքը:

Ազգային ճակատ կուսակցությունն ու Ազգային խորհուրդն իրենց հերթին հերքել են մեղադրանքները՝ որպես հիմնազուրկ եւ անհեթեթ:

«Պետության ղեկավարի այդպիսի ելույթը չի կարելի անվանել այլ կերպ, քան խայտառակություն: Սա նոր բռնաճնշումների կոչ է»,- նշված է Ազգային ճակատ կուսակցության հայտարարության մեջ: