Այսօր ԵՄ բնակիչները ամուսնալուծվում են երկու անգամ ավելի հաճախ, քան 55 տարի առաջ: Եթե 1965 թվականին 10 000 բնակչի հաշվով ընդամենը 8 ամուսնալուծություն կար, ապա այժմ արդեն 20 ամուսնալուծություն է: Նման տվյալներ ներկայացնում է «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը:

Ամենից հաճախ ամուսնություններն ամուսնալուծություններով են ավարտվում Լիտվայում եւ Լատվիայում (10 000 բնակչին ընկնում է 31 ամուսնալուծություն), Դանիայում (26 ամուսնալուծություն) եւ Շվեդիայում (25 ամուսնալուծություն): Իսկ ամենհազվադեպը ամուսնալուծվում են Մալթայում եւ Իռլանդիայում (7-ական ամուսնալուծություն՝ 10 000 բնակչի համար), ինչպես նաեւ Սլովենիայում (11 ամուսնալուծություն):

Մի քանի երկրների օրենքները 1965-ին արգելում էին ամուսնալուծությունները: Իտալիայում ամուսնալուծությունը օրինականացվեց միայն 1970-ին, Պորտուգալիայում՝ 1975-ին (չնայած 1910-1940թթ․ ամուսնությունը կարելի էր լուծել), Իսպանիայում՝ 1981-ին, Իռլանդիայում՝ 1996-ին, իսկ Մալթայում՝ 2011-ին:

ԵՄ երկրներում ամուսնությունների թիվը երկու անգամ նվազել է 1965 թվականից հետո՝ 78-ից հասնելով 44-ի՝ 10 000 բնակչի համար: Այժմ ամենից հաճախ հարաբերությունները օրինականացնում են Կիպրոսի (10 000 բնակչի համար՝ 78 ամուսնություն) եւ Ռումինիայի (74 ամուսնություն) բնակիչները։ Իսկ Լյուքսեմբուրգում, Իտալիայում եւ Պորտուգալիայում ավելի քիչ ամուսնություններ են լինում, քան ԵՄ այլ երկրներում՝ 31-34՝ 10 000 բնակչի համար: Այս գործընթացի մեկ այլ դրսեւորում է այն, որ ավելի ու ավելի շատ եվրոպացիներ են ծնվում ամուսնությունից դուրս, գրում է «Եվրոպուլս»-ը: