Ազգային Ժողովում այսօր՝ մայիսի 13-ին սկսվեցին 2010 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները։ Դրանց մասնակցում են հատուկենտ պատգամավորներ՝ դահլիճ ներկայացած կառավարության անդամները բացահայտ թվային առավելություն ունեն պատգամավորների նկատմամբ, որոնց թիվը 5-ից չի անցնում։
Միակ պատգամավորը, ով շատ թե քիչ հակում ցուցաբերեց կառավարությանը հարցեր տալու առումով, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էր, չհաշված իհարկե հանրապետական Գագիկ Մինասյանին, ով պաշտոնի բերումով վարում է այդ նիստերը։ Հենց նրանց միջեւ էլ բանավեճ ծավալվեց, պարզելու, թե ո՞վ ում հաշվին է ապրում։ Նախ՝ Վ. Բոստանջյանը, օգտագործելով հարց տալու իրավունքը, բավական երկար կենտրոնացավ արտաքին պետական պարտքի խնդիրների վրա, խոսքի մեջ իմիջիայլոց նշելով, որ ազգովի ապրում ենք ուրիշի հաշվին։
Այս արտահայտությունը դուր չեկավ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանին, ով Բոստանջյանին ուղղեց հետեւյալ հռետորական հարցը. «Էն որ ասում եք ուրիշի հաշվին ենք ապրում, դա ձե՞զ նկատի ունեք»։ Վ. Բոստանջյանի պարզաբանումը լսել չհաջողվեց, քանի որ նիստը վարող Գ. Մինասյանը պարզապես թույլ չտվեց դա անել։ Գ. Մինասյանի կարծիքով, մենք բնավ էլ վարկերի հույսին չենք, քանի որ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 7 տոկոսից իջեցրել ենք մինչեւ 5 տոկոս։





























