Այն օրը, երբ ռուսական զորքերը լքեն Մերձդնեստրը եւ վերականգնվի Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, Վրաստանի համար դա երջանիկ ու տոական օր կլինի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:
Այս հայտարարությունը Վաշաձեն արել է, մեկնաբանելով ռումինական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, ըստ որոնց, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները համաձայնության են հասել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման եւ այդ հանրապետությունը Մոլդովայի կազմ վերադարձնելու շուրջ, ինչը հնարավորություն կտա Մոլդովային հավակնել ԵՄ անդամության:
ԱԳ նախարարի խոսքով, Մերձդնեստրի հնարավոր վերադարձը Մոլդովայի կազմ ապացույց կհանդիսանա օկուպացիոն ուժերի համար, որ նրանք վաղ թե ուշ պարտավոր կլինեն լքել օկուպացված տարածաշրջանները:
Հիշեցնենք, որ Մոլդովայի մաս համարվող, սակայն առանձնացած Մերձդնեստրի հակամարտության կարգավորման նպատակով արդեն երկար ժամանակ է բանակցություններ են ընթանում: Մերձդնեստրում, որտեղ բնակչության մեծ մասը ռուսախոս է, տեղակայված են ռուսական զորքերը:




























