Հայաստանում ջրօգտագործողները չեն վստահում ջրօգտագործողների ընկերություններին, ինչի հետեւանքով նրանց սխալ տեղեկություններ են ներկայացնում ոռոգման կարիք ունեցող իրենց տնօրինած հողամասերի մասին: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց այս ընկերությունների վերաբերյալ իրենց կարծիքն ու վերաբերմունքը փոխել՝ նրանց առաջարկելով իրական տվյալներ ներկայացնել, որ ջրօգտագործողների ընկերությունները կարողանան ճիշգրիտ հաշվարկ, վերաբաշխում եւ հանրապետության տարբեր համայնքներին ջրամատակարարում իրականացնել: «Մեր խնդիրները հիմնականում կայանում են նրանում, որ ջրօգտագործողների ընկերությունները միայն ոռոգման սեզոնը սկսվելուց առաջ են իմանում, թե ջրօգտագործողները քանի հեկտար հող են մշակում, ինչպիսի մշակաբույսեր են աճեցնում եւ այլն: Ահա այստեղ էլ առաջանում են պլանավորման խնդիրները»,- շեշտեց Ջրային կոմիտեի նախագահը:





























