Եվրամիության երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել հիգիենայի ընդհանուր ստանդարտների շուրջ, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը ինքնաթիռներում եւ օդանավակայաններում, ինչպես նաեւ դիմակներ կրելը, որոնք կօգնեն կանխել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, հայտարարել է Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը, փոխանցում է Reuters-ը:
«Ես ուրախ եմ, որ գերմանական առաջարկն ընդունվել է իմ գործընկերների կողմից եվրոպական մակարդակով եւ որ մենք կարողացանք համաձայնության գալ այս միասնական ստանդարտների վերաբերյալ»,- ասել է Շոյերը Եվրոպական ավիացիոն խորհրդաժողովին:
Համաձայնեցված միջոցառումները դիմակների պարտադիր կրում են նախատեսում վեց տարեկանից բարձր տարիքի ուղեւորների համար եւ սոցիալական հեռավորության պահպանում օդանավակայաններում գրանցման եւ անվտանգության ստուգումների ժամանակ: Օդանավերում մաքուր օդի բարձր քվոտա պետք է երաշխավորվի, եւ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի մի քանի լեզուներով: Այնուամենայնիվ, միջին նստատեղը չպետք է ազատ մնա ինքնաթիռում:
Համատեղ կանոնները բավարարում են ավիաընկերությունների կողմից հնչեցված առնվազն որոշ պահանջները, քանի որ տարբեր չափանիշները խառնաշփոթ էին առաջացրել:
Գերմանիայի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ համաձայնությունը ձեռք է բերվել պաշտոնյաների կողմից եւ դեռ պաշտոնապես չի հաստատվել նախարարների կողմից:





























