Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամայել է կրակ չբացել ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր մայիսի 13-ը հայտարարել էին հերթական «ցասման օր»: Այս մասին տեղեկացրել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը` վկայակոչելով Սիրիայի իրավապաշտպաններին:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իրավապաշտպան շարժման ակտիվիստ Լուվայ Հուսեյնը, Սիրիայի նախագահի տեղեկատվության հարցերով խորհրդական Բուսեյն Շաբանն իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ նախագահը հրամանագրով կտրականապես արգելել է անվտանգության եւ զինվորական ուժերին կրակ բացել ցուցարարների վրա, գրել է «ՌԱՊՍԻ»-ն:
Լուվայ Հուսեյնը հույս է հայտնել, որ նախագահ Բաշար Ասադի հրամանը կկատարվի եւ հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել իրենց բողոքն արտահայտել խաղաղ ձեւով:



























