«Հայաստանում արդեն մշակվել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգը»,- այս մասին հոկտեմբերի 6-ին «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԱԽ արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվել են Հայաստանի շահերից բխող մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք ընդունվել են մյուս երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կողմից եւ առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում այդ ընդունված որոշումները իրականացնելու համար։
«Նիստում քննարկվել են նաեւ ուժային կառույցների կադրերի պատրաստման, ինչպես նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելու հարցերը։ Հանձնաժողովը մշակել է միջպետական նպատակային ծրագիր»,- ընդգծեց վարչության պետը եւ շարունակեց, որ այս պայմանագրով ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի առջեւ խնդիր է դրվում ստեղծել միջպետական ծրագիր, որի նպատակը կլինի առանձին համատեղ ձեռնարկությունների ստեղծումը եւ կազմակերպության անդամ երկրներում ռազմական արդյունաբերության խթանումը։
«Հայաստանի անվտանգությունը այս պայմանագրի շրջանակներում մեկ աստիճան բարձրացված է։ Եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր համագործակցությունը տարբեր գերատեսչությունների հետ շարունակվելու է»,-հավաստիացրեց ԱԱԽ արտաքին անվտանգության վարչության պետը։
Նշենք, որ նախատեսվում է ՀՀ ԱԱԽ՝ ՀԱՊԿ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ քննարկված հարցերը ավելի մանրամասնելու եւ պարտավորությունները ավելի պարտաճանաչ ձեւով կատարելու նպատակով։




























